Փետրվարի 2-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ալեքսանդր Շալենբերգի համատեղ ասուլիսը։
Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ իր գործըկերոջ հետ քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում հայ-թուրքական և հայ – ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր։
Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես ասել է, որ ինչպես նախորդ 25-30 տարիների ընթացքում, այնպես էլ հիմա Հայաստանը կարծում է, որ պետք է Թուրքիայի հետ սահմանները բացվեն և երկու երկրների միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ՝ առանց նախապայմանների:
«Հենց այս սկզբունքով ենք մենք մտել այս երկխոսության մեջ: Չնայած առաջին հանդիպման ժամանակ բովանդակային լուրջ քննարկումներ չեն եղել, սակայն կան դրական ազդակներ, որ գործընթացը կլինի բարեհաջող, բայց սրանք այն հարցերից են, որ միայն մեկ կողմի դիրքորոշումից չեն կախված»,- ասել է Միրզոյանը:
Նա անդրարդարձել է նաև Անթալիայում սպասվող միջազգային դիվանագիտական միջոցառմանը Հայաստանի մասնակցության հարցին՝ նշելով որ ինքն ու Ռուբեն Ռուբինյանը արդեն ստացել են հրավեր, սակայն այդ հարցն առայժմ քննարկման փուլում է:
«Եթե Հայաստանը որոշի մասնակցել այդ միջոցառմանը, ես ոչ միայն խնդիր չեմ տեսնի այդտեղ, այլև, եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ , դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չի լինի»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Նա կարևորել է այն հանգամանքը, որ սա երկկողմ այց չէ և պետք չէ այն դիտարկել երկկողմ հանդիպման համատեքստում:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հանդիպումը։