Պետք չէ նվնվալ ու ծնկերին խփել հայկական միամտությամբ Բաքվի հանդեպ եվրոպական ռևերանսի պատճառով, այլ ընդամենը նայել շահերի ալգորիթմը դեռ Խրիմյան Հայրիկից մեզ պատվիրված։ Ինչն է, ի վերջո մեզ դառնացնում իր ապահովությունը փրկող եվրոպական վարքագծում․ այն, որ ժողովրդավարական արժեթղթերը սկսել են վաճառվել էներգակիրների բորսայում։ Երևի սպասում էիք, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվի գազային պայմանագրում գրեր նույն եվրոպական դատարաններում հաստատված հայ գերիների ու պատերազմական հանցագործությունների մասին։ Իհարկե, չէր անի։ Ինչ է, չի երևում, որ Հայաստանին նշաձող իջեցնելու առաջարկ անողն է սեփական նշաձողը զոհաբերում հանուն կոմֆորտի։ Այնպես որ, ոչ պետք է ցավ ապրել եվոպացի Ուրսուլայի ասիական քծնանքից, ոչ էլ ոգևորվել ռուս Նարիշկինի վտանգի ժամին դաշնակցին պաշտպանելու հանրային խոստումից։ Մենք այդ էկզիստենցիալ ցավն ապրել ենք դեռ բեռլինյան կոնգրեսում՝ Խրիմյան Հայրիկի թևաթափ տեսքով, երբ վաճառում էին Կարսն ու Արդահանը․ արժի կրկնել նույնը հիմա, երբ սեղանին նոյեմբերի 9-ի սև թուղթն է։ Հիմա կհարցնեք՝ բա որն է իրական եվրոպան։ Ինչքան էլ պարադոքս է, այդ հարցին պատասխանելու համար պետք է իմանալ՝ որն է իրական Հայաստանը, ավելի ճիշտ՝ որն է հայկական շահը, բաց, պրագմատիկ, առանց բարեկամի կեղծ փաթեթավորման և զգուշանալ մեզ հասցեագրված խղճահարությունից, որով վարձատրեցին մեզ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հիմա հերթը ձերն է՝ որոշելու, թե ինչ եք անելու սլավոնական սև թղթի հետ։ Եթե մոլորվեք, կարդացեք մեր Խրիմյան Հայրիկի նամակը՝ գրված բեռլինյան կոնգրեսի արյունոտ գրիչով․ այդ պատգամը բոլոր ազգերի համար է․․․
Նվեր Մնացականյան