Արցախում ծնունդների թիվն աճել է․ ավելի լավ ուղերձ Արցախի ազատությանը հավատացողներին՝ չկա, ու չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ ազատությունը չի դարձել ապրելու անօտարելի միջոց, զինվորի հաց, հարսանիքի կանչ, ինչպիսին դարձավ 700 զույգ նորապսակների պատմական պսակադրությունը Լևոն Հայրապետյանի քավորությամբ։ Քանի Լևոն Հայրապետյան է ունեցել Արցախն իր անպարտելի շրջանում։ Ինչու էր նա միայնակ, իսկ հետո պարզվեց՝ մերժված Արցախի հերոսների ու դոլարային միլիոնատերերի օթյակում։ Նա էր միակ միամիտը, երբ հիմնում էր Արցախի ռազմական ակադեմիան ու վերականգնում դարավոր եկեղեցիները, երազում 300 հազարանոց հայրենիքի մասին ու արցախյան ընտանիքի 6-րդ զավակին 50, 7-երորդին 100 հազար ԱՄՆ դոլար նվիրում։ Եթե չեք գտնում այդ օթյակում երկրորդը, կամ համազորը Լևոնին, ուրեմն նրա տեղը Արցախի դասագրքերում է՝ որպես անավարտ երազանքի էջ՝ նվիրված բացառապես Արցախում ապրողներին, քանի դեռ երևանյան գաղջ մթնոլորտը չի զուլալել, քանի դեռ Երևանում զորահավաքի կանչը համարվում է քաղաքական հետապնդում ճիշտ այն ժամանակ, երբ հենց զորակոչից դժգոհողն է աջ ու ձախ տարածում, թե պատերազմի ուրվականն է շրջում երկրում։ Այդ բոթից քաղաքական հաճույք ստացողների համար հատուկ միացրեք մեր օրհներգը և ստիպեք դիտել՝ ինչպես է ադրբեջանցի մարզիկը հոգեխանգարմունքի մեջ փախչում հարթակից․ միացրեք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի հասկանալու համար, որ օրհներգը մոր նման միակն է զորակոչվող բոլոր հայերի համար․․․
Նվեր Մնացականյան