Friday , April 19 2024
amru

Չի կարելի Հայաստանի անվտանգության հարցը թողնել միայն պետության ուսերին․ փորձագետ Տեսանյութ

Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը գտնում է, որ Հայաստանը պետք է հիմնովին փոխի անվտանգային համակարգը։ Նրա կարծիքով ներկա աշխարհաքաղաքական զարգացումները և 2020 թվականի 44-օրյա պատերազմի փորձը ցույց են տալիս, որ Հայաստանը գտնվում է թշնամական ուժային կենտրոնների մշտական սպառնալիքի տակ։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում, «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակում Արզումանյանն ասել է, ներկա անվտանգային համակարգով հնարավոր է պատերազմել 10 միլիոնանոց Ադրբեջանի դեմ, սակայն հնարավոր չէ չեզոքացնել այնպիսի ուժային կենտրոնից եկող վտանգը, ինչպիսին, օրինակ՝ Թուրքիան է։

Նրա կարծիքով դա հնարավոր է, եթե ձևավորվի այնպիսի անվտանգային համակարգ, որտեղ երկրի անվտանգության համար պատասխանատվություն է կրում ողջ հասարակությունը, իսկ հայերի համար՝ ողջ ժողովուրդը՝ թե Հայաստանում, և թե Սփյուռքում։

«Դա լրիվ փոխում է կոնցեպտը։ Դու ոչ թե անվտանգության խնդիրը դնում ես պետության ուսերին, ինչը մենք արել ենք 30 տարի։ 1994 թվականի պատերազմից հետո մենք ասել ենք՝ դե լավ ա, պետություն ջան, դու վերցնում ես քո վրա անվտանգությունը, իսկ մենք անցնում ենք մեր գործերին։ Մենք էդ խնդիրները դրել ենք պետության վրա, որը ջահել է, որը նոր է ձևավորվել, փորձ չունի», -ասել է Արզումանյանը։

Փորձագետը ներկայացրել է դեռևս 60-ական թվականներից մի շարք երկրներում ձևավորված համապարփակ անվտանգության համակարգի գաղափարը, որը թույլ է տվել չեզոքացնել մեծ ուժային կենտրոնների սպառնալիքը։

Ըստ այդ գաղափարի, հասարակության յուրաքանչյուր անդամ, 14 տարեկանից մինչև 75-ը, հստակ պետք է իմանա իր տեղն ու պարտականությունները արտաքին վտանգի դեպքում։ Ընդ որում՝ դա չի նշանակում, որ բոլորը պետք է զենք ունենան ու համազգեստ կրեն։

Կարևորն այդ համակարգում, ըստ փորձագետի, այն է, որ յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ երկիրն իր կարիքն ունի, և ինքը պատրաստ է մասնակցել անվտանգային հարցերի լուծմանը իր տեղում։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Հրաչյա Արզումանյանը մեկնաբանել էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ասելով, որ երկրի ընդդիմությունը պետք է մտածի ոչ թե անցյալի սխալների, այլև ապագյի մասին։

Մանրամասները տեսանյութում

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …