ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի» և «Նույնականացման քարտերի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նոր նախագծերը։
Արա Մկրտչյանի փոխանցմամբ՝ անձնագրերի վավերականության ժամկետները երկու տարի դարձնելու անհրաժեշտությունը պայմանավորված ՀՀ-ում նոր կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներով, ինչի արդյունքում նախատեսվում է առջիկա երկու տարիների ընթացքում օրենքով սահմանված կարգով վերջնական անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրմանը։
Ըստ Մկրտչյանի` կենսաչափական անձնագրերի ժամկետների փոփոխություն չի նախատեսվում՝ դրանք կտրամադրվեն տասը տարով։
Արա Մկրտչյանն անդրադարձել է նաև անձնագրում քաղաքացու ծննդավայրը նշելու փոփոխության անհրաժեշտությանը, որը միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից։
Քաղաքացիները, համացանցի որոշ օգտատերեր պնդում են, որ այս քայլն ունի հեռուն գնացող պլաններ։ Մասնավորապես՝ համակեցություն թշնամի երկրների հետ կամ մտնել Ռուսաստանի կազմի մեջ։
«Ներկայումս քաղաքացու անձնագրի մեջ ծննդավայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է։ Այս մոտեցումն առաջացնում է խնդիրներ այն դեպքում, երբ քաղաքացու ծննդավայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այս համատեքստում՝ նախատեսվում է ՀՀ օրենսդրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ, հնարավորություն ընձեռելով քաղաքացուն, իր ցանկությամբ, որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է։Նշված գրառումը կատարվելու է բացառապես քաղաքացու ընտրությամբ և, ինչպես հավաստիացնում է Արա Մկրտչյանը, նախագիծը որևէ այլ՝ «հեռուն գնացող» նպատակներ չի հետապնդում։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանում կներդրվեն անձնագրերի տրամադրման նոր կանոններ։