Չորեքշաբթի օրը Բաքվում «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության անդամները 1920 թ․ Ադրբեջանի խորհրդայնացման առթիվ բողոքի ակցիա են իրականացրել Ռուսաստանի դեսպանատան առջև:
Ակցիայի մասնակիցները պահանջել են դուրս բերել ռուսական խաղաղապահ զորախումբը Արցախից:
«Մենք պահանջում ենք ռուսներից՝ հեռանալ Ղարաբաղից, նրանք խաղաղապահ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները»,- ցուցարարների խոսքերն է մեջբերում ադրբեջանական Turan գործակալությունը:
Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի դոցենտ, «Ռուսաստանի սպաներ» հասարակական կազմակերպության փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսանդր Փերենջիևը կարծում է, որ Բաքվում բողոքողները «սխալ հասցեով են դիմում», քանի որ ռուս խաղաղապահները Արցախում են գտնվում եռակողմ համաձայնագրի հիման վրա:
«Ռուս խաղաղապահներն այնտեղ են ոչ թե նրա համար, որ Ռուսաստանն է այդպես ցանկացել, այլ եռակողմ համաձայնագրի հիման վրա, որը նաև պաշտոնական Բաքվուն է ստորագրել: Ի՞նչ բողոք կարող է լինել Ռուսաստանի դեսպանատան դեմ: Եթե բողոքել եք ուզում, պետք է պահանջներ ներկայացնեք ձեր ղեկավարությանը: Պաշտոնական Բաքուն հետ չի կանչել իր ստորագրությունը: Ալիևը միշտ ասում է, որ կարգավորման գործընթացն ըստ ծրագրի է: Այո, խնդիրներ կան, բայց առաջընթաց էլ կա: Կարծում եմ՝ այդ ցույցի նպատակը ամբողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումն է»,- ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում ասել է Փերենջիևը:
Ըստ փորձագետի, ռուս խաղաղապահներին ետ կանչելու հիմքեր չկան, քանի որ նրանք խաղաղության ապահովման կարևոր գործոն են:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ապրիլի 25-ին ադրբեջանական զինուժը արգելել է հայ ուխտագնացներին մուտք գործել Դադիվանք, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ: