Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, «Ռոսիա 1» հեռուստաընկերության «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և ռուս-թուրքական հարաբերություններին:
Զատուլինը նշել է, որ Ռուսաստանը չի կարող Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս լռել Հայոց ցեղասպանության մասին:
«Մենք չենք կարող աչք փակել կատարվածի վրա, քանի որ 1915 թ.-ին տեղի ունեցածը պայմանավորված էր բացառապես այն փաստով, որ երիտթուրքերը հավատում էին, թե հայերը համակրում են Կովկասում առաջ շարժվող ռուսական զորքերին, ուստի նրանց պետք է ոչնչացնել»,- ասել է ռուս խորհրդարանականը:
Այս կապակցությամբ Զատուլինը մեկնաբանել է ցեղասպանությունը ժխտելու հարցը: Նա, մասնավորապես, անդրադարձել է լրագրող Մաքսիմ Շևչենկոյի հայտարարություններին, որը կասկածում է սպանվածների թվին, և նաև զարմացել է, թե ինչպես կարող էր Մարգարիտա Սիմոնյանի տատը «փրկվել Ռուսաստանում, եթե նա ապրում էր Տրապիզոնում»:
«Առաջին անգամը չէ, որ բախվում ենք այն փաստին, որ կան ծառաներ, դավաճաններ, որոնք փորձում են կասկածի տակ առնել այն, ինչը ես համարում եմ մեր ժողովրդի պատիվը: Ես ոչ մի կապ չունեմ հայերի հետ, բայց դա պետք է ասվի, սա պետք է դառնա ռազմավարական եզրակացությունների հիմք»,- ասել է Զատուլինը:
Նա նաև ավելացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ չի տվել, որ թուրք զինծառայողները մասնակցեն Արցախում խաղաղապահ առաքելությանը, քանի որ տեղի հայերը չէին կարող որպես խաղաղապահ ընդունել այն երկրի ներկայացուցիչներին, որը հրաժարվում է ընդունել ցեղասպանության փաստը:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ մեջբերել էր ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Հասան Մերկանի խոսքերը, որ Հայերի կոտորածները Արևելյան Անատոլիայում տեղի են ունեցել այն բանից հետո, երբ նրանց մի մասը անցել է ռուսների կողմը և ընդվզել օսմանյան զորքերի դեմ: