Այսօր և վաղը՝ ապրիլի 26-ին և 27-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսությունները փակ կլինեն: Այս որոշումը ընդունվել է որպես նախազգուշական միջոց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո:
Վաշինգտոնը վախենում է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո Թուրքիայի այն քաղաքներում, որտեղ գտնվում են ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները, կարող են տեղի ունենալ ցույցեր կամ բողոքներ:
«Երկուշաբթ ապրիլի 26-ին և երեքշաբթի` ապրիլի 27-ին, որպես նախազգուշական միջոց, ԱՆկարայում ԱՄՆ դեսպանատունը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը, Ադանայում ԱՄՆ հյուպատոսարանը և Իզմիրում ԱՄՆ հյուպատոսական գործակալությունը փակ կլինեն ԱՄՆ քաղաքացիների ամենօրյա ծառայության և մուտքի արտոնագրերի տրամադրման համար»,- ասվում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները, անհրաժեշտության դեպքում, կարող են կապվել դիվանագիտական ծառայությունների հետ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: