ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը հայտնում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի (Քենդ-Հորադիզ տեղամաս) շրջանում որոնողական աշխատանքների ժամանակ ապրիլի 15-ին ականի պայթյունից վիրավորվել է հատուկ նշանակության փրկարարական ջոկատի հրամանատար Տ.Սարգսյանը:
Սարգսյանը ոտքի վնասվածք է ստացել։ Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողական աշխատանքներ իրականացնող հայկական խումբը տուժածին տեղափոխել է Ստեփանակերտի բժշկական կենտրոն: Բժիշկները ասել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ սա արդեն երրորդ դեպքն է որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ, որ գրանցվել է հրադադարից հետո: Առաջինը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին Թալիշ – Մատաղիս հատվածում, այն ժամանակ աշխատանքներն իրականացրել են Մարտակերտի շրջանի փրկարարները, երկրորդը՝ հունվարի 19-ին ՀՀ Սյունիքի մարզում, երբ ականի վրա պայթել և վիրավորվել էին ՀՀ ԱԻՆ փրկարարները:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ադրբեջանցիները գնդակոծել են հայկական գյուղի բնակիչներին։