Ապրիլի 29-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը արտասահմանցի լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակը ոչ թե Թուրքիային մեղադրելն է եղել, այլ 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը հարգելը:
«Ինչպես նշեց նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգել զոհերին և ոչ մեկին չմեղադրել: Եվ, իհարկե, Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները մեր ուշադրության կենտրոնում էին, որպեսզի դրանք երբեք չկրկնվեն»,- Բլինկենի խոսքերը մեջբերում է Anadolu թուրքական լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Բլինկենը անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից ռուսական С-400 հրթիռային համակարգերի գնման հարցին: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը ի սկզբանե բացահայտորեն դժգոհել է այդ գործարքի կապակցությամբ, և դա չպետք է զարմացնի ոչ մեկին: Նման գործարքները կարող են ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառման պատճառ հանդիսանալ:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ երեքշաբթի օրը Թուրքիայի Ադանա նահանգի Ինջիրլիք ավիաբազայի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց, որի մասնակիցները պահանջել են փակել Միացյալ Նահանգների մուտքը ավիաբազա: