Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում միջազգային գլխավոր դերակատարների դիրքորոշմանը։ Նա , մասնավորապես , անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսիի այն հայտարարությանը, թե Արցախի ժողովուրդն իրավունք ունի դերակատարություն ունենալ իր ապագայի հարցում։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ»հաղորդման շրջանակում Հովհաննիսյանն ասել է, որ միջազգային կառույցները երբեք միակողմանի հայտարարություններ չեն անում, և եթե դրանցում կան մեզ շահեկան կետեր, ապա պետք է մեր շահերը համադրել այդ կետերի հետ։
«Մենք պետք է իրենց ասածը օգտագործենք այն կետում, որտեղ դա հատվում է մեր շահերին։ Տվյալ պարագայում կա հատում։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի այն թեզը, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը այսուհետ Ադրբեջանի ներքին գործն է ու բանակցության առարկա չի կարող դառնալ, հերքվում է Մինսկի Խմբի համանախագահ երկրների կողմից»,-ասել է ադրբեջանագետը։
Նա շեշտել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում չի կարող շրջանցվել Ղարաբաղի հարցը։ Հովհաննիսյանը համոզված է, որ չկա առանձին ղարաբաղյան հակամարտություն և հայճադրբեջանական հակամարտություն։
Ըստ ադրբեջանագետի, արցախյան խնդիրը հայ-ադրբեջանական երկար տևող հակամարտության ընդամենը մեկ բաղադրիչն է։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Տարոն Հովհաննիսյանը մեկնաբանել էր Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների հարցում։
Մանրամասները տեսանյութում։