Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն ադրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երևանյան հանդիպման արդյունքներին։ Պատգամավորը կարծիք է հայտնել, որ հայ-ադրբեջական խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ունեն նույն պատկերացումները։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակում Արթուր Հարությունյանն ասել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու և որևէ որոշում չի կայացվելու՝ առանց Արցախի ժողովրդի հետ համաձայնեցնելու։ Այս առումով ևս պատագամավորը կարծում է, որ պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի դիրքորոշումները նույնն են։
«Միայն մի կարգավիճակ չենք պատկերացնում․ դա որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում լինելն է։ Մնացած բոլոր կարգավիճակները կարծում եմ ենթակա են քննարկման՝ բանակցային գործընթացի շրջանակներում»,- ասել է Հարությունյանը։
Արցախի Ազգային ժողովի պատգամավորը շեշտել է նաև, որ ինչպես նախորդ 30 տարիներին, այսօր էլ արցախցիները պայքարում են միայն ինքնորոշման իրավունքի իրացման համար։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի վարչապետը Երևանում հանդիպել է Արցախի նախագահի գլխավորած պատվիրակության հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։