Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը մեկնաբանել է, թե ինչ խնդիրներ են առաջանում արտահնման դեպքում, երբ փակվում է Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Մխչյանը նշել է, որ Հայաստանին բոլոր կողմերից անհրաժեշտ են բաց սահմաններ և ազատ շուկա, ինչի դեպքում Հայաստանի տնտեսության «շնչառությունը կբացվի»։
Մխչյանը նշել է, որ Ռուսաստանից դեպի Վրաստան Վերին Լարսի անցակետով ճանապարհը շուրջ 2 ամիս փակ է։ Նրա խոսքով՝ պետք է այլընտրանքային ուղիներ փնտրել, մասնավորապես՝ պետք է մտածել լաստանավային փոխադրումներ իրականացնելու մասին։
«Մեր արտահանողները մի քիչ ավելի շատ գումար կծախսեն բեռնափոխադրումների վրա, բայց վստահ կլինեն, որ ապրանքը ժամանակին տեղ կհասնի։ Բայց պետք է ամեն ինչ հաշվարկել, որ մեքենան հասնի Փոթի նավահանգիստ, այնտեղ ամեն ինչ արագ մշակվի և լաստանավով շարժվի դեպի մյուս ափ»,- ասել է նա։
Մխչյանը կարծում է, որ Վերին Լարսով գործող միակ երթուղիով շարժվող վարորդների աշխատանքային պայմանները շատ բարդ են, քանի որ նրանք ստիպված են երկար կանգնել սահմանին և սպասել ճանապարհի բացվելուն։
Ավելի վաղ Րաֆֆի Մխչյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում խոսել էր առաջիկա ամիսներին հայկական արտահանման շուկայում սպասվող աճի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։