Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ հնարավոր չէ պաշտպանվել ուկրաինական իրադարձություններին զուգահեռ համաշխարհային քարոզչական պատերազմից, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Նավասարդյանը նշել է, որ հակասական տեղեկություններից պաշտպանված չլինելու պատճառն այն է, որ Հայաստանում տեղեկատվական ռեսուրսների գործունեությունը սահմանափակված չէ, իսկ հայ օգտատերերը տեղեկություն են ստանում բոլոր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Ուկրաինայից և նույնիսկ Ադրբեջանից, որոնք մասնակցում են տեղեկատվական հակամարտությանը։
Երևանի մամուլի ակումբի ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել ուկրաինական իրադարձությունները լուսաբանող ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսների գործունեությանը` նշելով, որ չնայած նրան, որ Ադրբեջանը պաշտոնապես տեղեկատվական հարթակում պահպանում է չեզոքություն, ադրբեջանական լրատվամիջոցները բոլորովին այլ տեղեկատվական քաղաքականություն են վարում։
«Եթե ուսումնասիրենք ադրբեջանական լրատվամիջոցները, ապա դրանք իրենց բովանդակությամբ գրեթե չեն տարբերվում ուկրաինականից, և մենք արդեն գիտենք, որ Ռուսաստանում արգելափակված են ադրբեջանական որոշ ռեսուրսներ», – նշել է փորձագետը։
Նավասարդյանի խոսքով՝ տեղեկատվական դիմակայության մասշտաբների մասին է վկայում նաև այն, որ մի քանի ամիս առաջ անհնար էր նույնիսկ պատկերացնել բռնության բաց կոչեր միջազգային մեդիա հարթակներում։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մարդասիրական խնդիրներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունն անվանել էր մանր վրեժխնդրության փորձ։
Մանրամասները՝ տեսանյութում։