Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ ուկրաինական իրադարձությունները, ինչպես նաև Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները մեծ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Պարսյանը նշել է, որ Հայաստանում արդեն իսկ նկատվում են առաջին բացասական հետևանքները՝ արտահանումների կրճատման տեսքով։
Տնտեսագետի խոսքով՝ 2022 թվականին Հայաստանում սպասվում է գնաճ, քանի որ Ռուսաստանը և Ուկրաինան՝ որպես խոշոր մատակարար երկրներ, սահմանափակել են արտահանումները։
Պարսյանը կարծիք է հայտնել նաև, որ եթե կառավարությունը չաջակցի գյուղմթերք արտադրողներին, ապա նրանք կկանգնեն լուրջ խնդիրների առջև։
«Եթե առաջիկա ամիսներին արտահանման հետ կապված խնդիրը չլուծենք, մեր գյուղատնտեսությունը անկում կունենա։ Հենց գյուղատնտեսության մեջ է լինելու ամենամեծ ճգնաժամը։ Անցյալ տարի Հայաստանից արտահանել ենք 210 տոննա պտուղ-բանջարեղեն։ Այս տարի ռուբլու ներկա փոխարժեքով մենք չենք կարողանա նույնքան արտահանում ունենալ»,- ասել է նա։
Մասնագետը մեկնաբանել է նաև օտարերկրյա քաղաքացիների՝ մասնավորապես ռուսաստանցիների ներհոսքը Հայաստան։ Ըստ Պարսյանի՝ հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ընտրում են մեր երկիրը, որտեղ չկան ինտերնետ սահմանափակումներ, ինչն էլ հնարավորություն է տալիս չկորցնել աշխատանքը։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նշել էր Հայաստանում ռուբլու կտրուկ արժեզրկման պատճառները։
Մանրամասները՝ տեսանյութում։