Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / Ադրբեջանցիները փորձել են հավաքագրել արցախցուն՝ սպառնալով լուսանկարներ հրապարակել

Ադրբեջանցիները փորձել են հավաքագրել արցախցուն՝ սպառնալով լուսանկարներ հրապարակել

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի բնակչին հարկադրել են լրտեսել իրենց օգտին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կրկին ակտիվացել են սոցիալական ցանցերում: Նրանք փորձում են կապ հաստատել Արցախում ապրող մարդկանց հետ, որպեսզի խուճապ սերմանեն կամ նրանցից տեղեկություն ստանան։

Այս անգամ Telegram սոցցանցի օգտատերը, ներկայանալով որպես հայուհի, նամակագրության մեջ է մտել մի արցախցու հետ ։ Այնուհետև տվյալ օգտատերը արցախցուն առաջարկել է «ավելի մոտիկից ծանոթանալ » և փոխանակել ինտիմ բնույթի լուսանկարներ ։

Դրանից հետո նա սկսել է շանտաժի ենթարկել Արցախի քաղաքացուն՝ սպառնալով հրապարակել իրենց նամակագրությունը։

Լռության դիմաց Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչը պահանջել է Արցախի մասին տեղեկատվություն և որոշ օբյեկտների լուսանկարներ։ Ադրբեջանցի օգտատերը նաև խոստացել է վճարել մատուցված ծառայությունների դիմաց՝ բանկային հաշվին գումար փոխանցելու միջոցով:

ԱՀ ԱԱԾ-ն պարզում է միջադեպի հանգամանքները, Ադրբեջանի հատուկ ծառայություններին տրամադրված տեղեկատվության բովանդակությունն ու ծավալը, ինչպես նաև գործի այլ հանգամանքներ:

ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ անհայտ օգտատերերի հետ շփումներից, ինչպես նաև կասկածելի առաջարկներ չընդունել, չփոխանցել տեղեկատվություն, որը կարող է Արցախի անվտանգության համար վտանգ պարունակել: Նման առաջարկ ստանալու դեպքում պետք է դիմել Ազգային անվտանգության ծառայություն:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացրել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են սոցիալական ցանցերում Արցախի քաղաքացիների մասին անձնական տվյալներ հավաքել:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …