Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում զուգահեռներ է անցկացրել Ղազախստանում առաջացած ահաբեկչական սպառնալիքի և Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումներ ներգրավելու միջև։
Բաբայանի խոսքով՝ այս իրավիճակում Հայաստանը ճիշտ է վարվել՝ համաձայնելով ՀԱՊԿ-ի շրջանակներում օգնություն տրամադրել Ղազախստանին, չնայած այն հանգամանքին, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը 2021 թվականի նոյեմբերին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Տարածքային ամբողջականության վերականգնումը նշանավորող ազգային տոնի» կապակցությամբ։
«Տոկաևի շնորհավորանքն Ադրբեջանին շատ ցավալի հետք է թողել։ Բայց հիմա նա ստանում է այն, ինչ սպասվում էր: Մենք բազմիցս ասել ենք, որ այս ահաբեկչական հոսքերն ուղղված չեն միայն Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի դեմ և դրանք ներթափանցելու են նաև այլ տարածքներ։ Ասում են, որ ահաբեկիչները մտել են Աֆղանստանի տարածքից։
Սակայն կա ավելի հեշտ ճանապարհ՝ Թուրքիայից Ադրբեջան, հետո Ղազախստան»,- ասել է Բաբայանը։
Նա նշել է, որ Հայաստանն սկսել է առաջնորդվել ոչ թե էմոցիաներով ու «դժգոհություններով», այլ ճիշտ գնահատական տալ աշխարհաքաղաքական միտումներին, մասնավորապես՝ Թուրքիայի պանթուրքիստական նախագծին։
Արցախի արտգործնախարարն ընդգծել է, որ եթե Ղազախստանում պանթուրքիստական նախագիծը հաջողության հասնի, Հայաստանը կարող է անվտանգության անհամեմատ մեծ մարտահրավերների առջև կանգնել։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը մեկնաբանել էր՝ փոխկապակցվա՞ծ են արդյոք Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններն ու Արցախում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։
Մանրամասները՝ տեսանյութում։