ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը մեկնաբանել է հիմնադրամի գործունեությունը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո առաջացած աղետի գոտում։
Նրա խոսքով՝ երկրաշարժի ժամանակ հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ կարողացան ինքնակազմակերպվել և մարդասիրական օգնություն հասցնել Հայաստան։ Իսկ հետո, երբ ստեղծվեց «Հայաստան» հիմնադրամը, նրանք դարձան հիմնադրամի անդամ ու մինչ օրս շարունակում են օգնել աղետի գոտու տուժածներին։
«Հիմնադրամն ունի տնաշինական գործարան, որն արտադրում է կահույք և ապահովում 30 աշխատատեղ Գյումրիում։ Այժմ գործարանն աշխատում է նաև Արցախում՝ մի շարք ծրագրերի շրջանակներում, և՛ Գյումրիում, և՛ այնտեղ արդեն կա 30-ից ավելի աշխատատեղ»,- ընդգծել է Արշամյանը։
Հիմնադրամի գործադիր տնօրենն ասել է նաև, որ հիմնադրամն այժմ Գյումրիում երկու շենք է կառուցում, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է 36 ընտանիքի համար։ Առաջիկայում շենքերը պատրաստ կլինեն և կհանձնվեն երկրաշարժի հետևանքով իրենց տները կորցրած ընտանիքներին։ Շենքերի տանիքներին արևային մարտկոցներ կտեղադրվեն, որպեսզի քաղաքացիները էլեկտրաէներգիայի համար գումար չվճարեն։ Այս շենքերի դիմաց նախատեսվում է կառուցել ևս երկու շենք, որոնք բնակարաններով կապահովեն ևս 60 ընտանիքի։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Հայկակ Արշամյանը խոսել էր նոյեմբերին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։