ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը քննարկել են Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։
Մեկնաբանելով ադրբեջանցի զինծառայողների կողմից Արցախի Ճարտար քաղաքում խաղաղ բնակչի սպանությունը, Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ հանցագործությունը տեղավորվում է Ադրբեջանի հայաֆոբ պետական քաղաքականության տրամաբանության մեջ։
«Այս իրավիճակում մենք պետք է կամք դրսևորենք, թևաթափ չլինենք, կանգնենք մեր տեղում և ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք։ Մեր լավագույն պատասխանը կլինի Արցախը պահպանելը»,- ասել է Բաբայանը։
Դավիթ Բաբայանն ընգծել է նաև, որ ադրբեջանական կողմի գործողություններն ուղղված են եղել ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության դեմ։
Մհեր Հակոբյանի կարծիքով՝ Ադրբեջանի նպատակն Արցախից հայերի ամբողջական արտագաղթին հասնելն է։ Ռազմական փորձագետը նշել է, որ Ադրբեջանը, կարծես ժամանակացույցով, անընդհատ դիմում է սադրանքների։ Փորձագետի համոզմամբ՝ այս իրավիճակը հնարավոր կլինի փոխել միայն այն ժամանակ, երբ հայկական կողմն ուժեղանա։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է տարածել, որը հաստատում է, որ ադրբեջանցի զինվորականներն առևանգել և սպանել են Ճարտար քաղաքի խաղաղ բնակչին։
Մանրամասները՝ տեսանյութում։