ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ այս անգամ ադրբեջանական ագրեսիան կրկին կասեցվել է հայկական բանակի, այլ ոչ թե միջազգային կառույցների կողմից։
Մարուքյանն ընդգծել է, որ Ադրբեջանը երբեք չի թաքցնում իր մտադրությունները՝ նախ Բաքվից կոնկրետ հայտարարություններ են անում, հետո անցնում են գործի:
«Ադրբեջանը վաղուց է պահանջում Զանգեզուրի միջանցքը և բացահայտ սպառնում է, որ եթե չստանա, կգնա հարձակման և ուժով կվերցնի միջանցքը»,- ասել է նա։
Նախկին պատգամավորի խոսքով՝ միջազգային հանրության արձագանքը ցույց է տալիս, որ ոչ ոք չի պատրաստվում դիմակայել Ադրբեջանի ագրեսիային, հետևաբար, ըստ Մարուքյանի, հայ հասարակությունը պետք է ձերբազատվի այն պատրանքից, թե որևէ մեկը, բացի հայ զինվորից կպաշտպանի Հայաստանը:
Մարուքյանը նշել է, որ ԱՄՆ պետական կառույցները միանշանակ համաձայն են, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ է շարունակում իրականացնել հայերի և Արցախի բնակիչների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորը քննադատել է Պետդեպարտամենտի հայտարարությունը, որտեղ Բաքվի գործողությունները չեն դատապարտվել:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը հայտարարել էր, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։
Մանրամասները՝ տեսանյութում: