ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը գիշերային շրջայցի ժամանակ նկարահանել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ։
Տեսանյութը հրապարակել է նախարարության ֆեսբուքյան էջը։
«Բնությունը վերականգնվում է և ընձառյուծի այս բացառիկ նկարահանումը մեզ ավելի է պարտավորեցնում այսուհետ լինել շատ ավելի ուշադիր, ու ավելի ուժեղացնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության համակարգը»,- նշված է տեսանյութին կից գրառման մեջ։
Հայաստանում բնակվում է ընձառյուծի կովկասյան ենթատեսակը (Panthera pardus tulliana), որը գրանցված է Հայաստանի կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում «կրիտիկական» կարգավիճակով:
Մինչև նախորդ տարվա աշնան ամիսները տեսախցիկները ֆիքսում էին միայն Նեո անունով արու ընձառյուծին, սակայն հետո հայտնվեց նաև Նովան՝ հավանական էգ ընձառյուծը, կենդանատեսակը պահպանելու հարցում նոր սպասելիքներ բերելով։
Ձագերի հայտնվելը վկայում է, է վերոնշյալ տարածքում ապրում է մեկ արու և մեկ էգ առանձնյակ։ Սա առաջին դեպքն է, երբ տեսախցիկները ֆիքսել են Նովային երկու ձագերի հետ միասին։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ հայ կենդանաբույժ Կարեն Դանիելյանի շնորհիվ Սիմբա անունով առյուծը բուժվել և վերադարձվել էր Տանզանիա։