ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ խորը մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի կապակցությամբ։
«Համանախագահները խորապես մտահոգված են տարածաշրջանում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով: Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի կարգավորելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Համանախագահները կողմերին կոչ են անում նաև զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։
«Վերջին էսկալացիան ցույց է տալիս արցախյան հակամարտության և դրա հետևանքների համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների ընթացքում, և շարունակել ուղիղ երկխոսությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Անվտանգության խորհուրդի հայտարարության համաձայն՝ ադրբեջանական զինուժի կողմից արևելյան ուղղությամբ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու արդյունքում շրջափակվել են հայկական չորս մարտական հենակետեր։