Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է դիվանագիտական խողովակներով գործընկերների հետ քննարկել տարածաշրջանային համագործակցության 3 + 3 մեխանիզմի ստեղծման հարցը:
Հաջիևը նշել է, որ այդ ձևաչափը որոշում է տարածաշրջանում հետագա համագործակցության ուղղությունները:
«Այս պահին այդ կապակցությամբ դիվանագիտական ուղիներով շփումներ են ընթանում։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն աջակցում է այդ գործընթացին»,-Հաջիեւի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, Ադրբեջանը պատրաստ է այդ ձևաչափի հիման վրա շարունակել քննարկումները և ստեղծել տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ:
Տարածաշրջանային համագործակցության 3+3 ձեւաչափի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ստեղծումն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:
Ռուսական կողմը պաշտպանել է այդ գաղափարը, Վրաստանը դեմ է արտահայտվել։Հայաստանի պաշտոնյաները նշում են, որ այդ մեխանիզմի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչպես է աշխատելու այն և ինչ խնդիրներ է լուծելու:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է 3+3 խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի ստեղծման գաղափարին: