ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ կասկած կա, որ Քոչարյանը հիվանդացել է կորոնավիրուսով։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահը կորոնավիրուսի թեստ է հանձնել։
Ալումյանը նշել է, որ Քոչարյանի ջերմությունը գիշերը բարձրացել է, նա շփում է ունեցել հարազատի հետ, ում մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
«Ռոբերտ Քոչարյանը չի եկել, որ ուրիշներին վտանգի չենթարկի, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ է մասնակցել դատական նիստին»,-ընդգծել է փաստաբանը։
Գործով դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է դատական նիստը հետաձգել մինչև 2021 թվականի նոյեմբերի 9-ը։ Հայաստանի նախկին նախագահը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Երևանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը։