Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում պատմել է, որ ինքը և հայ համայնքի այլ ներկայացուցիչներ հրաժարվել են մասնակցել ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին նվիրված` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած երեկոյին։
Ավեդիկյանի խոսքով՝ ինքն այդ քայլին գնացել է 44-օրյա պատերազմից հետո Արցախի նկատմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահվածքի պատճառով։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը մեկնել է Բաքու, բայց նրանք այդպես էլ չեն գնացել Արցախ և վերադարձել են։ Գնահատական չի եղել, թե ինչ վիճակում են գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած եկեղեցիները։ Նրանք չեն ուսումնասիրել, թե ինչպես է ընթացել պատերազմը: ՅՈՒՆԵՍԿՕ- ն չի կատարել իր գործառույթը։ Դրա համար էլ ես բոյկոտել եմ: Այս պայմաններում մենք չենք կարող ՅՈՒՆԵՍԿՕ–ին ասել՝ ինչ լավ է, որ դուք տոնում եք Վերնոյի 100-ամյակը»,- ընդգծել է նա։
Սերժ Ավեդիկյանը նշել է, որ ինքը համաձայն չէ նաև, որ այդ երեկոն տեղի է ունեցել Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, այլ ոչ թե հատուկ դահլիճում, որտեղ կարելի էր ցուցադրել Անրի Վերնոյի ֆիլմերը:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Սերժ Ավեդիկյանը հայտարարել էր, որ հայերին ավելի ձեռնտու կլիներ, եթե Թուրքիան ժամանակին անդամակցեր Եվրոմիությանը: