Ադրբեջանի բնակիչները ցանկություն ունեն լրջորեն զբաղվել հայոց լեզվի ուսումնասիրությամբ։
Սպուտնիկ Ադրբեջանի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Լեզուների համալսարանի կովկասագիտության ամբիոնի դասախոս Հուսեյն Ասկերովը հայտարարել է, որ չի հասցնում նույնիսկ բոլոր ցանկացողներին գրանցել հայերենի ուսումնասիրության դասընթացներին մասնակացելու համար:
Պարբերականի համաձայն՝ այս դասընթացների նպատակն է օգնել ադրբեջանցիներին ուսումնասիրել հայկական մամուլը և տեղյակ լինել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից։ Հիմնականում դասընթացն ուսումնասիրում են Պետական անվտանգության ծառայության, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, սահմանապահներն ու լրագրողները։
Ասկերովի խոսքով, լեզուն սկսում են սովորել այբուբենից, անցնում են քերականություն, իսկ ապագայում նախատեսվում է բացել խոսակցական հայերենի դասընթացներ։ Ասկերովն ասել է նաև, որ տարեկան մոտ 30-40 ուսանող ավարտում է համալսարանը հայոց լեզվի իմացությամբ, և գրեթե բոլորն էլ հիմնականում աշխատանքի են անցնում լրատվամիջոցներում։ Իսկ հայերենի իմացությամբ տղամարդիկ մեծ պահանջարկ ունեն զինված ուժերում։
Ասկերովը ծնունդով Հայաստանից է, որտեղ դպրոցում սովորել է հայերենի քերականություն։ Հայաստանում աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ: Ադրբեջան տեղափոխվելուց հետո էլ աշխատել է անգլերենի ուսուցիչ: Իսկ 2011 թվականին բացել է հայոց լեզվի դասընթացներ։ Ուսանողների համար դասընթացներն անվճար են, իսկ մյուսներից պահանջվում է վճարել 35-ից 70 դոլար։
Ադրբեջանում հայոց լեզվի դասագրքերի բացակայության պատճառով տղամարդը ստիպված է եղել ինքնուրույն գրել դրանք։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ծառայությունների ոլորտում աշխատողների մահացության ցուցանիշով Ադրբեջանը զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը։