Հաագայում՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի բավարարումը էապես կնպաստի արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի փաստարկների ամրապնդմանը և Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը շեշտել է, որ արցախյան հիմնախնդրի տեսանկյունից կարևոր է ոչ միայն Միջազգային դատարանի որոշումը, այլև ինքնին գործընթացը, քանի որ այն կնպաստի միջազգային ընկալման ճիշտ ձեւավորմանը:
«Ընդհանրապես, դատավարության ողջ ընթացքում մենք ներկայացնում ենք փաստարկներ, որոնք հիմնավորված են միջազգային իրավունքով: Ներկայացնում ենք մեր դիրքորոշումը, որը չի կարող չանդրադառնալ Արցախի հարցին: Մենք ողջամտորեն, պրոֆեսիոնալ կերպով ներկայացնում ենք հայկական կողմի ընկալումն ու դիրքորոշումները, դա անում ենք միջազգային իրավունքի լեզվով, ինչը շատ կարևոր է: Եվ ինձ թվում է՝ դրա հիման վրա կձևավորվի միջազգային աջակցություն։ Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ սա շատ կարևոր գործընթաց է»,- ասել է Կիրակոսյանը:
Կիրակոսյանը նշել է նաև, որ Ադրբեջանի դեմ դատավարությունն ինքնին կարևոր է:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՄԻԵԴ -ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ -ի Միջազգային դատարանում հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջները չեն համապատասխանում այն պայմաններին, որոնք թույլ են տալիս դատարանին օգտվել միջանկյալ միջոցներ կիրառելու իր իրավունքից: