Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատել է, որ 2021 թվականի հոկտեմբերի 6-ին Բաքու-Նախիջևան երթուղով չվերթն իրականացվել է Հայաստանի օդային տարածքով:
Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքի օգտագործումը քաղաքացիական ինքնաթիռների համար երբեք չի սահմանափակվել, բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանի:
«Նշված երթուղով չվերթներն իրականացվել են շարունակաբար մինչև 2014 թվականի նոյեմբերի 8 -ը, որից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարեցրել է Հայաստանի օդային տարածքի օգտագործումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս ամբողջ ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ են իրականացվել Ադրբեջանի օդային տարածքով դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ:
Կոմիտեն նաև ընդգծել է, որ քաղաքացիական ինքնաթիռների տարանցիկ թռիչքների թույլտվությունը չի տրվում ավիացիոն իշխանությունների կողմից, և նման թռիչքների համար թույլտվություն չի պահանջվում, և ավիաուղի ընտրելու իրավունքը օդանավերի օպերատորներինն է:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին Բաքու-Նախիջևան չվերթ է իրականացվել Հայաստանի օդային տարածքով: