Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Արցախի նախագահն անդրադարձել է 44-օրյա պատերազմը կանխելու հնարավորություններին

Արցախի նախագահն անդրադարձել է 44-օրյա պատերազմը կանխելու հնարավորություններին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երիտասարդների հետ հանդիպմանը խոսել է այն մասին, թե հնարավո՞ր էր արդյոք կանխել 44-օրյա պատերազմը:

«Սպասու՞մ էի ես այս պատերազմին: Հնարավո՞ր էր դա կանխել: Կարո՞ղ էինք մենք ինչ -որ բան անել, որպեսզի խուսափենք իրավիճակն այս աղետին հասցնելուց»,- ասել է Հարությունյանը:

Արցախի նախագահն ընդգծել է, որ դեռևս 2006 թվականին, «Ազատ հայրենիք» կուսակցության կլոր սեղանի ժամանակ, ինքը խոսել է 2014-2015 թվականներին պատերազմի հավանականության մասին: Նրա խոսքով՝ հաղթելու կամ չպարտվելու միակ ճանապարհը Հայաստանն էր, որը պետք է ապահովեր առնվազն 8% տնտեսական աճ, քանի որ 2007-2008 թվականներին սկսել էր գործել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, և Ադրբեջանը սկսել էր օրական 1,2 մլն. բարել նավթ արտադրել:

«Նավթի գինը 70-80 դոլար էր: Այսինքն՝ օրական 70-80 միլիոն դոլար, տարեկան առնվազն 30 միլիարդ դոլար, և, բնականաբար, Ադրբեջանը առիթը բաց չթողեց ասելու, որ եթե մենք չհրաժարվենք հողերից, ապա հարցը կլուծվի ռազմական ճանապարհով»,- շեշտել է Հարությունյանը:

Նա նշել է, որ 2014 թվականին Հայաստանում գրանցվել է 14% տնտեսական անկում, հետագայում տնտեսական աճը լավագույն դեպքում կազմել է 4-5%: Արցախի նախագահը նշել է, որ 2016 թվականը նախազգուշացում էր: Միևնույն ժամանակ, Արայիկ Հարությունյանը չի բացառաել, որ եթե 2020-ի պատերազմը լիներ հայ-ադրբեջանական, արդյունքներն այլ կլինեին՝ հօգուտ հայկական կողմի, բայց պատերազմը ամբողջ աշխարհի դեմ էր: Արցախի նախագահը ևս մեկ անգամ կրկնել է, որ հայկական կողմը պատրաստ չէր պատերազմի, քանի որ տնտեսապես թույլ էր:

«Բանակին չափազանց փոքր գումարներ են հատկացվել: Տարբերությունը շատ մեծ էր, քանի որ Թուրքիան, Պակիստանը և Իսրայելը օգնեցին Ադրբեջանին: Պատերազմի ժամանակ ամեն օր ժամանակակից զենքով ինքնաթիռ էր թռչում Ադրբեջան», – ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 9 -ին հայկական կողմը ստիպված է եղել ստորագրել համաձայնագիրը:

Արցախի նախագահն ընդգծել է, որ հայկական կողմը պայքարել է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար: Նա նաև ասել է, որ Արցախը պետք է ունենա գործընկեր, որի հետ երկիրը կապահովի իր անվտանգությունը, և այդ գործընկերը Ռուսաստանն է:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ և բարերար Սամվել Կարապետյանի հետ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …