Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հայտնել է,որ հայկական կողմը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով քննարկումներում չի դիտարկել եւ չի դիտարկելու Ադրբեջանին միջանցք տրամադրելու վերաբերյալ հարցեր:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Զանգեզուրի միջանցքի շուրջ բանակցություններում կա առաջընթաց, Մհեր Գրիգորյանը վստահեցրել է՝ կամ կլինի ապաշրջափակում հայկական սուվերեն ենթակառուցվածքների օգտագործմամբ կամ չի լինի:
«Վստահեցնում եմ՝ «Միջանցքային տրամաբանության» հարցեր հայկական կողմը չի քննարկել եւ չի քննարկելու, քանի որ նման բան հնարավոր չէ: Եթե միջանցք ասելով՝ որոշ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, մի հարց է, սակայն, եթե նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ աստիճանի, որևէ ազդեցություն, վստահեցնում եմ, որ դա բացառվում է իմ քննարկումների ընթացքում», – ասել է Գրիգորյանը:
Անդրադառնալով վերջերս գերեվարված 6 հայ զինծառայողի մասին հարցին՝ փոխվարչապետի պաշտոնակատարն ասել է, որ այդ հարցը միշտ ուշադրության կենտրոնում է եւ շուտով լուծում կստանա:
Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաեւ եռակողմ հանձնաժողովի աշխատանքների դադարեցմանը, նշելով,որ Երեւանը հնարավոր չի համարում արդյունավետ աշխատել եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով ՝ հաշվի առնելով սահմանին ստեղծված իրավիճակը:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր,որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր՝ Հայաստանը երբեք համաձայնություն չի տալու Հայաստանի տարածքով «Զանգեզուրյան միջանցք» բացելու վերաբերյալ: