Հայրենիք վերադարձած հայ ռազմագերիներն ամերիկյան VICE World News լրատվական ալիքին պատմել են 44-օրյա արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում գերության մեջ հայտնվելու մասին:
20-ամյա զինծառայող Արմենի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը իրենց չի հարցաքննել, այլ միայն բռնության է ենթարկել ։
«Առաջին օրը ինձ շղթայեցին ջեռուցման մարտկոցին, և ես այդ դիրքով հատակին մնացի ողջ գիշեր։ Ցավից չէի կարողանում քնել», – պատմել է Արմենը ։
19-ամյա Դավիթը ասել է, որ իրեն ստիպել են տեսախցիկով ասել, որ հայկական կողմում կռվել են վարձկաններ, այդ թվում՝ քրդեր։ Այնուհետև, այդ տեսագրությունը հրապարակել են համացանցում:
Հադրութի մոտ գերեվարված 25-ամյա կամավորական Վազգենը նույնպես խոսել է դաժան վերաբերմունքի մասին:
Տարբեր գնահատականներով Ադրբեջանում շարունակում են պահվել ավելի քան 200 հայ գերիներ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զբաղվում է 218 ենթադրյալ ռազմագերիների վերաբերյալ միջանկյալ հարցումներով։ Դատարանը նրանցից 186-ի նկատմամբ կիրառել է 39 կանոնը, որը կիրառելի է միայն այն ժամանակ, երբ կա անուղղելի վնաս պատճառելու անխուսափելի վտանգ:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիները տեսաուղերձներ են փոխանցել իրենց հարազատներին: