ԱՄՆ պաշտպանության նախարարությունում մեկնաբանել են ամերիկա-թուրքական ռազմական հարաբերությունների զարգացումը նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելուց հետո:
Ինչպես հաղորդում է EurAsian Times պարբերականը, Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի ազդի ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական հարաբերությունների վրա, և հույս է հայտնել, որ ռազմական ոլորտում կապերը միայն կամրապնդվեն:
«Մենք Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում որեւէ փոփոխություն չենք ակնկալում»,- երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարը:
Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես Ցեղասպանություն է անվանել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները:
Այդ հայտարարությունից հետո լարվածություն է առաջացել Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում: Մասնավորապես, Թուրքիայի առաջին դեմքերը բողոք են հայտնել ամերիկյան իշխանություններին։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարությունից: