Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը:
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը կողմ է ռազմագերիների խնդրի լուծմանը «բոլորը բոլորի փոխարեն» տարբերակով:
«Նման քայլն իսկապես բարենպաստ մթնոլորտ կստեղծեր մի շարք կարեւոր հարցերի շուրջ առաջ շարժվելու համար»,- ասել է նա:
Մեկնաբանելով Բաքվում «ռազմավարի այգու» բացումը, Զախարովան հույս է հայտնել, որ գործնականում Բաքուն և Երևանը կձգտեն քայլեր ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, այլ ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծմանը:
«Հսկայական գին վճարվեց. մարդկային կյանքեր. այս պահին և ողբերգական, և միաժամանակ ապագայի հույս տվող պահերից պետք է օգտվել խաղաղ նպատակներով, ստեղծարար նպատակներով, այլ ոչ թե այդ պահն օգտագործել իրավիճակի էլ ավելի սրման համար։ Արդյո՞ք նման գրգռիչները կնպաստեն խաղաղության ձեռքբերմանը։ Պատասխանը, իմ կարծիքով, ակնհայտ է՝ ոչ»,- ասել Է Զախարովան։
Մեկնաբանելով Զանգեզուրի միջանցքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, Մարիա Զախարովան կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ ռևանշիստական և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է տարածաշրջանը կրկին պատերազմի շեմին հասցնել:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ԵԽԽՎ Մոնիտորինգային կոմիտեն պահանջել է ազատ արձակել հայ ռազմագերիներին: