ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հայտարարել է, որ մասնակցելու է այս տարվա հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Նախկին նախագահն ասել է, որ ինքը ղեկավարելու է երկու կուսակցություններից կազմված նախընտրական դաշինք, սակայն չի հստակեցրել, թե որ կուսակցությունների մասին է խոսքը։Նա հիշեցրել է, որ ինքը մինչ օրս անկուսակցական է։
Քոչարյանն անդրադարձել է նաև իր դեմ հարուցված քրեական գործին ու ընթացող դատավարությանը։ Նա հիշեցրել է, որ մարտի 29-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրակ է ճանաչել քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որով մեղադրվում են երկրորդ նախագահը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը և Անվտագության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը։
«Այժմ Գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակավորել մեղադրանքը, բայց չեմ կարծում, որ դա նրանց կհաջողվի», – ասել է Ռոբերտ Քոչարյանը:
ՍԴ որոշումից հետո ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապրիլի 1-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Քրեական դատավարության օրենսգրքի մի քանի հոդվածների սահմանադրությանը համապատասխանելը։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի վերջին։