Եվրոխորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն միջազգային հանրությանը կոչ է արել փրկել Արցախի՝ Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած մշակութային ժառանգությունը։
La Croix կայքում հրապարակված հոդվածում նա գրել է, որ այդ տարածքներում անարգվել կամ ոչնչացվել են Մեխակավանի Սուրբ Մարիամ եկեղեցին, Շուշիի Կանաչ ժամը, Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին և այլն:
«Արցախի ժառանգության հարցը չի կարող սպասել: Ես կոչ եմ անում Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիային, ԱՄՆ-ին և Ռուսաստանին միջամտել : Կոչ եմ անում Եվրոմիությանն օգտագործել Արևելյան գործընկերության կապերը՝ հստակ հավաստիացումներ ստանալու Բաքվից, որ հայկական մշակութային ժառանգությունը կպահպանվի»,- գրել է Լուազոն:
Եվրոխորհրդարանի պատգամավորը գտնում է, որ այս հարցում միջազգային հանրությունը անտարբերություն է դրսևորում: Լուազոն դիմել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կոչ անելով չենթարկվել սպառնալիքներին և թույլ չտալ, որ Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները ոչնչացվեն:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ գրել էր, որ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը կողմ է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն հատուկ առաքելությամբ հանդես գա։