Friday , April 26 2024
amru
Home / Լրահոս / Հայ գեներալը, որ «հարսանիք» կազմակերպեց լեռներում. Կոմանդոսի հիշատակին

Հայ գեներալը, որ «հարսանիք» կազմակերպեց լեռներում. Կոմանդոսի հիշատակին

Արցախի հռչակավոր  հերոս, հանրությանն առավելապես Կոմանդոս անունով հայտնի  գեներալ-մայորի իրական անունը Արկադի Տեր – Թադևոսյան է։ Շուշիի հերոսն ու ազատագրողը իր հայտնի մականունն ստացել է Լեռնային Ղարաբաղում (հայկական անվանումը ՝ Արցախ)։ Նրան այդպես կոչել է մարտական ընկերը՝ գնդապետ Արա Մուրադյանը ։

«Մինչ այդ նրան տարբեր կերպ էին դիմում՝ հրամանատար, շեֆ, շախմատիստ կամ պարզապես ազգանունով, բայց տղաներին դուր եկավ «Կոմանդոսը» ։ Նրան էլ էր դուր գալիս։ Սկզբում մի քիչ առարկում էր, բայց կամաց – կամաց համակերպվեց», – հարցազրույցներից մեկում պատմել է Մուրադյանը, թեև խոստովանել է, որ ինքը նրան կամ շեֆ, կամ հրամանատար է կոչել ։

Բարձրահասակ, ատլետիկ կառուցվածքով, սևահեր,  թբիլիսցի երիտասարդ Արտուշը (Արկադի Տեր-Թադեւոսյանին այդպես են անվանակոչել  ծնողները) լեգենդ դարձավ կենդանության օրոք։ Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ։ Մեծացել է հասարակ ընտանիքում։ Չորս եղբայրների և քույրերի ավագն էր։ Նրա հորեղբայրը ՝ Խաչատուր Տեր-Թադևոսյանը, Թբիլիսիի զինկոմիսարիատներից մեկի պետն է եղել ։ Կոմանդոսի պապը ծնունդով Կարսից էր և հրաշքով է փրկվել ցեղասպանությունից. նա հոգևորականի ընտանիքից էր, որին թուրքերը 19-րդ դարի 80-ականների կեսերին կնոջ հետ միասին հրկիզել են փակ եկեղեցում։

Թբիլիսիի 110-րդ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Արկադին հորեղբոր խորհրդով ընտրել է զինվորականի մասնագիտությունը, թեեւ երբեք զենք չի սիրել ։ Ավարտելով Բաքվի Բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը, մեկնել է Գերմանիա ։ Այնուհետև Լենինգրադում ավարտել է Տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Չեխոսլովակիայի ինժեներական զորքերում։ Ծխառայել է նաև Աֆղանստանում, որտեղ նրան անվանել են «Լեռնային աղվես» ։

«Ինձ շատ բան են վերագրել։Բայց ես այդ երկրում չեմ մասնակցել մարտական գործողություններին, տեխնիկական հարցերով եմ օգնել», – իր կյանքի այդ հատվածի մասին հիշում է Տեր-Թադևոսյանը ։

Բելառուսում ծառայելուց հետո, կնոջ հորդորով 1987 թ․ տեղափոխվում է պատմական հայրենիք։ Տեր-Թադևոսյանի կինը Հայաստանում միանում է ղարաբաղյան շարժմանը,  սակայն  Կոմանդոսն ինքը Արցախ է մեկնում ոչ թե համոզմունքից, այլ կենսական անհրաժեշտությունից ելնելով։ Բայց վերադառնալով Երևան, զեկուցագիր է գրում և անդամագրվում «Սասունցի Դավիթ» ջոկատին։

Երբ խորհրդային զորքերը սկսեցին «Օղակ» գործողությունը, հայկական աշխարհազորը գրագետ ռազմական ղեկավարի խիստ կարիք ուներ։ Գնդապետ Տեր-Թադևոսյանը դարձավ այդ ղեկավարը։ 1991թ. Նա նշանակվել էր ՀՀ պաշտպանության կոմիտեի ռազմական պաշտպանության վարչության պետ ։ 1991թ. հոկտեմբերի 30-ին Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմական գործողության արդյունքում Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Հադրութի շրջանի ռազմավարական նշանակություն ունեցող  Տող գյուղը։

«Առաջին հրամանը, որը ես տվել եմ, գերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի մասին էր ։ Թեև մերոնց բնորոշ չէին վայրագությունները, որ ադրբեջանցիներն էին գործում Հադրութի գյուղերում, միևնույն է, նման դեպքերը կանխելու համար դա անհրաժեշտ էր։ Գերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք էր պետք», – պատմում էր Կոմանդոսը ։

1992 թվականի մայիսի 8-9-ը Արկադի Տեր-Թադևոսյանը իր զինակիցների հետ կազմակերպեց ու իրագործեց «Հարսանիք լեռներում» հայտնի ռազմական օպերացիան: Դա առաջին լայնածավալ գործողությունն էր, որն իրականացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության միասնական շտաբի ղեկավարության ներքո։ Այն մշակվել էր գլխավոր շտաբում ՝ շտաբի պետ Գուրգեն Դալիբալթայանի ղեկավարությամբ,  խիստ գաղտնիության պայմաններում ։

Շուշին ադրբեջանական առանցքային հենակետ էր, որից հակառակորդը զանգվածային հրետակոծության էր ենթարկում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը։ Քաղաքի ազատագրումը դարձավ Կոմանդոսի ռազմական կենսագրության իսկական պսակը։

«Արդյո՞ք համոզված էի, որ Շուշիի գրոհը հաջող ելք կունենա։ Ոչ։ Բայց մենք անում էինք այն, ինչ պետք է անեինք», – հիշում էր զորավարը ։

Ընդամենը երեք հազար զինվորից բաղկացած հայկական ստորաբաժանումները, չունենալով որակյալ և ժամանակակից զենք, կեղծ զորաշարժեր ձեռնարկելով շեղեցին հակառակորդի ուշադրությունը հիմնական հարվածից ու հաղթանակ տարան, ազատագրելով Շուշին: Այդ հաղթանակը միանգամից լուծեց ռազմաքաղաքական, տնտեսական ու քաղաքական բնույթի մի քանի խնդիր։

2020 թվականի նոյեմբերի 10-ին, 44-օրյա պատերազմում Շուշիի անկումից հետո, Արցախի հերոսը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն  մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, որոնց վստահում է հասարակությունը: Նա նշեց նաև, որ կարող է իր վրա վերցնել Խորհրդի համակարգման աշխատանքները ։

Կոմանդոսն այդպես էլ չհամակերպվեց Շուշիի կորստյան հետ։ Նա համոզված էր, որ այն պարզապես հանձնել են թշնամուն ։

Արկադի Տեր-Թադևոսյանը կյանքից հեռացավ 82 տարեկանում, Շուշին կորցնելուց մի քանի ամիս անց։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …