Տհաճ էր տեսնել, թե ինչպես են խփում տարեցներին Գյումրիում, առավել տհաճ է լսել այդ միջադեպի քաղաքական արդարացումները, որտեղ չկա գոնե մեկ զղջում։ Եթե այդպես է, ուրեմն ծեծելը քիչ էր, պետք էր թանկարժեք մեքենաներով տրորել ձեռնափայտով անհնազանդին։ Ընդունենք, գյումրեցի տարեցը, ասում են՝ ութսունն անց, փորձել է խոչընդոտել, ավելորդ թթու խոսք ասել իր քաղաքով անցնող քարոզիչներին․ Գյումրիում հաստատ չէր գտնվի երիտասարդ՝ այդ ձևով նրան հակադարձող։ Այս հնամենի քաղաքում այդ նորմն անխախտ է դեռ այն ժամանակներից, երբ առաջինն այստեղ էր ձևավորվում Հայաստանի քաղաքային մշակույթը, որտեղ տարիքը գերակա է ամեն ինչից։ Տարեցին խփող եկվորին առաջինը պետք էր դա զգուշացնել, մի երկու խոսքով էլ պատմել 88-ի ավերիչ երկրաշարժ ապրած մարդկանց մասին, որոնց հարվածող ջահելները հաստատ թքած ունեին, որ գտնվում են 88-ի դժոխքը տեսած քաղաքում, որտեղ ընտանիքի կառուցվածքը շարունակում է մնալ մեծից փոքր ավանդությանն անվերապահ ենթակա։ Կարեն Դեմիրճյանը դա գիտեր, հենց դրա համար էլ հրոսակախմբերով չէր շրջում երկրում, և երբ նախընտրական հանդիպումների ժամանակ նրա ոտքերի տակ գառ էին մորթում, նրա քաղաքական օպոնենտները ստիպված ծաղրում ու նսեմացնում էին և տեսարանը և մասնակիցներին։ Բայց ընտրական գործի գիտակները հո գիտեին՝ դա ինչի ցուցիչ է։ Եվ երբ նույն միջոցը կիրառեցին ժողովրդականության այդ տեսարանը ծաղրողները, եղավ ճիշտ հակառակ էֆեկտը՝ բումերանգի դառնությամբ։ Այնպես որ, քաղաքական էմոցիաները շատ թանկ արժեն, եթե վճարում ես բռնությամբ ու ատելով․․․
Նվեր Մնացականյան