Իսկ ո՞վ է կանգնեցնելու տեղեկատվական անարխիան, որ այս անգամ շրջանառություն մտավ Բաքվի՝ Զանգեզուր պահանջող ցույցի տեսարաններով։ Ոչինչ, որ այն 2016 թ-ի վաղեմություն ունի․ կարևորը խուճապն է ու դրա մազոխիկ էֆեկտը, թեկուզ Սյունիքում ապրողին դիվադադար անելու նենգությամբ։ Ազատության հրապարակում կարելի է մարտեր առանց կանոնների պայմանով ամեն օր ծեծել իրար, կարելի է քաղաքական օրակարգերը կազմել միայն բռնության ու ատելության հրովարկակներից, հասկանալի կլինի անգամ, թե ով ում կոկորդն է ուզում կրծել, և որն է դրա իրական դրդապատճառը: Բայց ի՞նչն է ստիպում նվաստանալ թշնամու քարոզչամեքենան քո երկրում շահագործելու աստիճանի․ ի՞նչն է ստիպում մեր ներսի կրակին խառնել օտարի ծուխը և դառնալ Բաքվի անվճար ագիտատորը, այն էլ ժամանակին իշխանական պատգամավորի տեսքով։ Եթե կուզեք, քարոզչական խեղկատակությունն, անկախ ռեժիսուրայի որակից, ներելի է, եթե տեղական արտադրության է, թշնամուց ներմուծածը, ինչպես գիտեք, դավանանք չունի, ուրեմն և չունի արդարացում, ինչպես չունի արդարացում թուրք նախարարի՝ մեզ ուղղված նացիստական ժեստը։ Հիմա կասեք՝ դրանք համեմատելի չեն, բայց դժվա՞ր է տեսնել, որ երկուսն էլ նույն ականն են հայկական էթնոսի գլխին, որ երկիր պահելը մեզ համար վերքաղաքական գործ է։ Տեսեք՝ ինչպես է դա անում մեզ խաղաղությամբ հրապուրող Հիտլերի հոգեզավակը՝ թուրք Չավուշօղլուն, և, չզարմանաք՝ նույնն անում է Բաքվի ժամկետանց ցույցը որպես հայկական շանտաժ տարածող հայը․․․
Նվեր Մնացականյան