Նավթային Ադրբեջանի հասցեին Ռուսաստանի պետդումայի պատգամավորն ասել է ընդամենը ճշմարտությունը՝ պաշտպանելով բացառապես իր երկրի շահը։ Հենց դա էլ վկայում է Բաքվի հիստերիկ արձագանքը պատգամավորին, որի այդ հայտարարությունը լավ կլիներ հնչեր 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մնացյալը դիվանագիտական հետնահանջ է, պարզ սոփեստություն՝ կրակն իբր չբորբոքելու պահանջով։ Այդ դեպքում ինչ է Քարագլուխը, բացի ռուսական ճշմարտության դետոնատոր լինելուց։ Հայկական բարձրավանդակը, որտեղ քոչվորներ հետո հայտնվեցին, բարձունքներ շատ ունի և յուրաքանչյուրի կորուստը կորուստ է Լեռնահայաստանի համար, որտեղ վերջին հարյուրամյակում մենք հաստատվել ենք մեր դաշտերը զոհաբերելուց հետո։ Հիշում եք, չէ․ մեզ ասում էին անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները։ Իսկ ինչ գիտի մեր դպրոցականը դաշտային Արցախի մասին, էլ չեմ ասում՝ Մշո դաշտի։ Դրա համար էլ պետք է գոնե իմանալ, որ Հայկական բարձրավանդակը մեծ Կովկասի անփոփոխ ճշմարտությունն է, որի աշխարհագրական իրավունքներն անգամ հայկական են։ Այնպես որ, ադրբեջանական շանտաժը Քարագլխի ուղղությամբ քոչվորի պարզ ժուլիկություն չէ, ինչպես ներկայացնում են շատերը։ Ադրբեջանի նավթագազային ունեցվածքն այդ երկրի միակ խաղաքարտն է, և ոչ թե Բաքվի ավտորիտար ռեժիմը։ Եվ ռուս պատգամավորն այդ մասին իրավացիորեն հիշեցնում է բրիտանական ռազմական նախարարի հապշտապ Բաքու մեկնելուց առաջ։ Ինչ է, մտածում եք, բրիտանացին գնացել է արցախցիների էթնիկ սպառնալիքը զսպելու համար։ Սուտ է, եթե անգամ այդպես հայտարարվի։ Ամենաիրական հումանիզմը ադրբեջանցիներին Քարագլխից քշելն է, որովհետև այս հումանիտար դժոխքում Քարագլուխը դատապարտված է լինել հայկական բարձունք, ռուս պատգամավորը հենց դա էլ ասել է․․․
Նվեր Մնացականյան