Ընդդիմության առաջարկը՝ քրեորեն պատժել Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող պաշտոնյաներին կլիներ տեղին և հայրենասիրական, եթե թաքնված ծաղրն ու դեմագոգիան իբր չնկատած պատգամավորն ընդամենը մեկ օր առաջ չասեր․ լավ է Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծել, քան Թուրքիայի։ Հիմա ո՞րն է քրեորեն ավելի պատժելի, սեփական երկրի դեմ քողարկված ծա՞ղրը, թե՞ գիտակցված նենգությունն այս փլուզվող աշխարհակարգում, որի վերաբաժանման ռիսկերը չեն պատկերացնում անգամ իրենք՝ վերաբաժանողները, էլ ուր մնաց՝ այս պղտոր ջրում ինչ որ միություն քարոզող պատգամավորը։ Լավ, այսպիսի խառնակ լաբիրինթոսում, որտեղ բոլորն են ելք փնտրում, ի՞նչն է ստիպում ներքղաքական մերկանտիլ ախորժակը օրակարգ բերել որևէ մեկին անպայման տրվելու գնով։ Իսկ ձեր ընտրողին հարցրե՞լ եք, ինքը համաձա՞յն է տրվել այնպես, ինչպես դուք եք ուզում։ Իսկ ինչու՞ որևէ մեկի մտքով չի անցնում ավելի ազնիվ բան․ նույն ամբիոնից հայտարարել պարզ մարդկային թայմ աուտ, փակել ստորաքարշ թեման, գոնե այս պահին լռել ու մնալ հայ քրիստոնյա։ Այ, այդ ուխտը խախտողին քրեորեն պատժելը կլիներ արդարացի։ Երաշտի ժամանակ անգամ կենդանիներն են պայման պահում, իսկ դուք գեներացնում եք մի բան, որից միայն աղետ է գուժում, և առաջին հերթին գուժում է պայմանը խախտողի գլխին․․․
Նվեր Մնացականյան