Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 17-ին խորհրդարանում ներկայացրել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի, անհայտ կորածների ու գերեվարվածների թիվը:
Պատասխանելով «Հայաստան» խմբակցության հարցին, նախարարն ասել է, որ Քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ պատերազմում զոհվել է 3788 անձ,այդ թվում` 3712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ։
«Անհայտ կորած է համարվում 222 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ Ադրբեջանում գերության մեջ պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 40 է՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ»,- ասել է Մկրտչյանը։
Նախարարը հայտնել է նաև, որ այս ընթացքում Ադրբեջանում գտնվող գերիներից Հայաստան է վերադարձել ընդհանուր 114 զինծառայող և քաղաքացիական անձ։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված, գերևարված և անհետ կորած զինծառայողների մասին։