ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին Սինգապուրում անցկացվող «Bloomberg New Economy Forum» միջազգային համաժողովի շրջանակներում ներկայացրել է ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը։
Նախագահի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժելու, երկրի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններ կատարելու և Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրի մասին:
«Արմեն Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել համաժողովի մասնակից մի շարք պետական և հասարակական հայտնի գործիչներին և ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ներկայացրել է իրավիճակը հետպատերազմյան Հայաստանում և Ադրբեջանի շարունակական ագրեսիաները Հայաստանի ինքնիշխան տարածի նկատմամբ։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Արցախում խաղաղապահների ներկայության ժամկետների մասին։