Նոյեմբերի 9-ի գիշերը առաջին անգամ Հայաստան է ժամանել «Կոլամբուս Քրյուի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։
«Զվարթնոց» օդանավակայնում հավաքված երկրպագուները մեծ ոգևորությամբ և ծափողջույններով են դիմավորել Սելարայանին։ Նրանք ջերմ և շնորհակալական խոսքեր ուղղել մեր հավաքականի հարձակվողին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Լուկասն արդեն միացել է թիմին և կշարունակի մասնակցել նախախաղային մարզումներին։ Նոյեմբերի 9-ին Հայաստանի հավաքականին են միացել նաև Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Չալըշըրը և Սարգիս Ադամյանը։
Լուկաս Սելարայանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է երկու՝ Իսլանդիայի և Ռումինիայի դեմ արտագնա խաղերին։ Հարձակվողն Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում իր հաշվին գրանցել է 1 գոլային փոխանցում։
2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին խաղում նոյեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն, իսկ նոյեմբերի 14-ին, կրկին տնային խաղում, մեր հավաքականն ուժերը կչափի Գերմանիայի ազգային թիմի հետ։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Լուկաս Սելարայնը «Կոլամբուս Քրյուի» կազմում դարձել է գոլի հեղինակ։