Նոյեմբերի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ եռակողմ հայտարարության տարելիցին ընդառաջ, Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթի դրույթները՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանման և բոլոր տեսակի ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։
Արտգործնախարարներն անդրադարձել են նաև ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության արդիական հարցերին, տարածաշրջանային և միջազգային խնդիրների որոշ ասպեկտներին։
Հայաստանի արտգործնախարարը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինուժի շարունակվող սադրանքները, որոնց հետեւանքով նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ զոհվել է մեկ, վիրավորվել 3 խաղաղ բնակիչ։
Նույն օրը Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանական կողմը գնդակոծել է տարածքի ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ աշխատող խաղաղ բնակիչներին։