Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելում են հայ ռազմագերիներին։
«Լուրեր» պարբերականի հաղորդմամբ՝ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին հայտնել է, որ այցերի ժամանակ ուսումնասիրվում են այն վայրերը,որտեղ պահվում են հայ գերիները, նրանց հնարավորություն է տրվում նաև շփվել ընտանիքի անդամների հետ։
Ամատունիու խոսքով՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելում են բոլոր այն անձանց, որոնց գերի լինելը պաշտոնապես հաստատվել է։ Բաքուն հայտնել է, որ այս պահին իրենց մոտ են գտնվում 40 հայ ռազմագերիներ։
«Հնարավորություն է ընձեռվել տեղեկություններ ստանալ ընտանիքի մասին, նորություններ իմանալ, Կարմիր խաչի միջնորդությամբ կատարել հեռախոսազանգեր և տեսաուղերձներ ուղարկել»,- ասել է Ամատունին։
Նա նաև նշել է, որ ԿԽՄԿ-ն չի կարող հրապարակել այն մարդկանց թիվը, ում իրենք այցելել են, սակայն հաստատել է, որ կառույցը կապի մեջ է գերիներից յուրաքանչյուրի ընտանիքի հետ։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել երեք գերի։