Կարծես ուրվագծվում է նոր խորհրդարանի քաղաքական լիբրետոն: Հավանաբար մի արարով կստեղծվի մեր պարտության առեղծվածն ուսումնասիրող, մյուսով՝ Արցախի հարցով հանձնաժողովներ: Հիանալի է, որովհետև երկու դեպքում էլ ջուր ծեծելու ժամանակը սպառված է, և մեր ու աշխարհից մեզ լսող ականջների համար եկել է պարզ խոսելու, ավելի ճիշտ ընտրելու ժամը. Բացել ճշմարտության ուղեփակոցը, թե էլի անդամագրվել մարտի մեկի կամ ապրիլյան հանձնաժողովների ճակատագրին: Ամեն դեպքում, ցավոտ ընտրություն կլինի: Մինչ այդ, գոնե կասեք, որտեղ են և ինչով են զբաղված պատերազմի թեժ օրերին Արցախից ճողոպրած զինվորականները, պաշտոնյաները ու նրանց ընտանիքները, որոնք հավանաբար հիմա էլ սոցիալական նպաստներ են ստանում որպես պատերազմից տուժածներ: Կանչեք Հայաստանի խորհրդարան Արցախի նախագահին, այդ արատավոր ցուցակը նրա ձեռքին է: Եթե անգամ չգիտեք դրա քաղաքական գինը, արեք դա հանուն երկրի արժանապատվության, հակառակ դեպքում կստանաք ճակատագրի հերթական հեգնանքը, երբ պատերազմից թռածներն առանց ամոթի կհանդգնեն պատմել եկող սերնդին պատերազմի ու իրենց հերոսական մասնակցության մասին…
Նվեր Մնացականյան