Հայաստանի Վճռաբեկ դատարանը ապրիլի 12-ին բեկանել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց (մոտ 50 հզ․ դոլար) ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշումը: Այսօր նա կրկին ձերբակալվել է ։
«Վճռաբեկ դատարանը բավարարել է իմ բողոքը, համարել է, որ այն հիմնավորված է։ Այսինքն՝ բավարար են եղել մեր փաստարկներն այն մասին, որ կալանքը փոխելու հիմքեր չկան, և գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու որոշումը անհիմն է եղել»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Սարգսյանն ապօրինի կերպով անհայտ անձանցից ձեռք է բերել զենք-զինամթերք, ինչպես նաև պահել է թմրամիջոցներ:
Նարեկ Սարգսյանը 2018 թվականին մի քանի ամիս հետախուզման մեջ է եղել և հայտնաբերվել է Չեխիայում, որտեղ կեղծ անձնագրով ապրել է որպես Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալես ։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է։