Ապրիլի 8-ի գիշերը Հայաստան է ներկրվել ռուսական Սպուտնիկ V հակակորոնավիրուսային պատվաստանյութի 15 հազար չափաբաժին: Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչ Պավել Կուրոչկինը լրագրողներին ասել է, որ այս խմբաքանակը ներկրվել է Հայաստանին ռուսական օգնության շրջանակներում:
«Այս չափաբաժինը նախատեսված է ռիսկի գոտում գտնվողների համար», – ասել է ռուս դիպլոմատը:
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է այս պատվաստանյութի մեկ միլիոն չափաբաժին գնել Ռուսաստանից:Մինչ այս Հայաստան էր ներկրվել եվրոպական Աստրա Զենեկա պատվաստանյութի 24 հազար չափաբաժին: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները իրականացվելու են բացառապես կամավորության սկզբունքով:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ տեղեկացրել էր, որ Երևանի բուժհաստատություններից մեկում կորոնավիրուսով հիվանդ պացիենտը նետվել է հիվանդանոցի պատուհանից ու մահացել: