Փետրվարի 19-ին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն Թբիլիսիում: Պաշտոնական օրակարգում տարածաշրջանում և միջազգային մակարդակում ընթացող գործընթացներն են, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում երեք երկրների համագործակցության հեռանկարները: Ըստ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Միխայիլ Ալեքսանդրովի` կայանալիք հանդիպման ակտիվ մասնակիցը կլինի Թուրքիան, որը ցանկանում է աջակցություն ստանալ Ռուսաստանի դեմ ուղղված իր քաղաքականության հարցում: «Միանշանակ Վրաստանը կսատարի Թուրքիային: Ադրբեջանը փորձում է երկու աթոռին նստել», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Միխայիլ Ալեքսանդրովը: Փորձագետը վստահ է, որ Թուրքիան ցանկանում է Վրաստանի տարածքով ապահովել նավթի և գազի մատակարարումը Ադրբեջանից, քանի որ բացառված չէ, որ Ռուսաստանը կդադարեցնի գազի մատակարարումը Թուրքիային, և այն կմնա առանց երկնագույն վառելիքի անհրաժեշտ քանակի: Բացի հետխորհրդային տարածքում Ռուսաստանի դեմ դաշնակիցներ փնտրելուց, Թուրքիայի ԱԳ նախարարի ուշադրության կենտրոնում են նաև ռազմական հարցերը:
«Թուրքիայի դեմ պատերազմի դեպքում Ռուսաստանը զորքեր կտեղափոխի դեպի Հայաստան Վրաստանի տարածքով. այդ իսկ պատճառով Թուրքիան կվարի բանակցություններ Վրաստանի հետ իր զորքերը Աջարիա մտցնելու հնարավոր տարբերակի շուրջ: Այս պարագայում Բաքուն ևս Թուրքիայից պահանջում է ակտիվացնել հակահայկական գործունեությունը և ռազմական հարված հասցնել Հայաստանին, քանի որ Թուրքիայի դեմ պատերազմ սկսելու դեպքում Հայաստանը ևս ստիպված կլինի մասնակցել դրան », — ասում է Միխայիլ Ալեքսանդրովը:
Ադրբեջանի առաքելությունն է հարկադրել հայկական ուժերին կենտրոնանալ ադրբեջանական ուղղությամբ: Մինչդեռ, ըստ փորձագետի, Ադրբեջանը չի գնա այդ քայլին, քանի որ հակառակ դեպքում ռուսական զորքը կմտնի Ադրբեջան:
Նշենք, որ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի բարձրագույն իշխանության մակարդակում եռակողմ հանդիպումների անցկացման ձևաչափը Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, ներկայիս վարչապետ Ահմեդ Դավութօղլու մտահղացումն է: Այսօր մեկնարկող հանդիպումը թվով հինգերորդն է: