Четверг , 25 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Պետդումայի փոխնախագահ. Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագիծն ուղարկվել է Ռուսաստանի կառավարություն և Գերագույն դատարան ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետդումայի փոխնախագահ. Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագիծն ուղարկվել է Ռուսաստանի կառավարություն և Գերագույն դատարան ՏԵՍԱՆՅՈՒԹ

RUSARMINFO-ին տված բացառիկ հարցազրույցում Ռուսաստանի Պետական դումայի փոխնախագահ, «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավորների պալատի խորհրդի նախագահ Նիկոլայ Լևիչևը պատմել է, թե ինչն է առիթ դարձել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը Պետդումայի քննարկմանը ներկայացնելու համար: Նա նաև խոսել է օրինագծի ընդունման հնարավոր ժամկետների և պայմանների մասին:

Նիկոլայ Լևիչևի խոսքով, օրինագիծը Պետդումա է ներկայացվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Մոսկվա նախատեսված այցի նախօրեին, որի շրջանակներում քննարկվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի հնարավոր համատեղ գործողությունները տարածվող ահաբեկչական վտանգի դեմ պայքարում:

Փոխնախագահը տեսակետ է հայտնել, որ ներկայումս, երբ Թուրքիան Ռուսաստանի հանդեպ իր կողմից իրականացված նախադեպը չունեցող գործողության արդյունքում փնտրում է աջակցություն ԵՄ-ում, Անկարան պետք է հաշվի առնի Եվրոպական խորհրդարանի 2015թ. ապրիլի 15-ի որոշումը, համաձայն որի ապրիլի 24-ն ընդունվել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, և հետևի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հորդորին:

Նիկոլայ Լևիչևի խոսքով, այլ կերպ Թուրքիան չի կարող ըմբռնման հույս ունենալ` անգամ հաշվի առնելով Եվրոպայի նկատմամբ Թուրքիայի կողմից գործադրվող ճնշումը փախստականների հարցում:

Նիկոլայ Լևիչևը պատրանքներ չի տածում Ռուսաստանի Պետդումայի կողմից օրինագծի ընդունման հարցում: «Ես հեռու եմ այն մտքից, որ մեր օրինագիծը կընդունվի այսպես ասած միանգամից: Նման օրենքներն այսպես չեն ընդունվում: Մենք ամբողջությամբ գիտակցել ենք, որ հասարակական քննարկում կծագի և ոչ միայն Պետդումայի պատերի ներքո»:

Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագիծն արտատպված է Ռուսաստանի Պետդումայի կողմից 2014-ին ընդունված նացիզմի մասին օրենքից: Նիկոլայ Լևիչևի խոսքով, այն դրույթները, որոնք նախատեսված են Հայոց ցեղասպանության մասին օրինագծով, նույնական են այն դրույթների հետ, որոնք գործում են համաձայն նացիզմի մասին օրենքի: Դա պետք է կանխի այն բանավեճը, թե որն է ավելի ծանր դիտարկվում` Նյուրնբերգյան դատավարությամբ հաստատված փաստերի, թե Հայոց ցեղասպանության ժխտումը:

Պետդումայի փոխնախագահը հայտնել է, որ ներկայումս օրինագիծն ուղարկվել է ՌԴ կառավարություն և Գերագույն դատարան` եզրակացություն ստանալու նպատակով: Պատասխանն ակնկալվում է օրինագծի ներկայացման պահից 30 օրվա ընթացքում, իսկ դա նշանակում է, որ նշյալ մարմինների դիրքորոշումը հայտնի կդառնա մինչև ամանոր:

Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ներկայացումը կապ չունի այն սահմանափակումների հետ, որոնք Ռուսաստանն ընդունել է Թուրքիայի հանդեպ` ի պատասխան վերջինիս կողմից կիրառված ագրեսիայի: Այն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացված նախաձեռնությունների տրամաբանական կապն է, — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Լևիչևը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՌԴ Պետական դումա է ներկայացվել Օսմանյան կայսերությունում 1915թ.-ին իրագործված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը: Նույն օրն այդ մասին Twitter-ի իր էջում գրառում է թողել «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը: Համաձայն օրենքի նախագծի, Հայոց ցեղասպանության շխտման կամ արդարացման համար սահմանվում է մինչև 300 հազ. ռուբլի տուգանք կամ ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով: Եթե հանցագործությունն իրականացվել է լրատվամիջոցով, ապա առաջարկվում է տուգանքն ավելացնել մինչև 500 հազ. ռուբլի, իսկ ազատազրկման ժամկետը երկարաձգել մինչև 5 տարի:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …